Տաջիկստանի իշխանությունները հուլիսի 31-ին վերականգնել են BBC հեռուստառադիոհեռարձակման ընկերության կայքի հասանելիությունը, գրում է «Ասիա-պլյուս» տաջիկական գործակալությունը:
BBC-ի, ռուսական «Վեստի» հեռուստաալիքի եւ լրատվական մի քանի այլ ռեսուրսների մուտքը Տաջիկստանում արգելափակվել էր հուլիսի 29-ին: «Վեստիի» կայքը շարունակում է ագելափակված մնալ: Մինչ այժմ արգելափակված կայքերի թվում են նաեւ Lenta.ru-ն, Ferghananews.com-ը, Pamir-vesti.ru-ն, Ozodagon.tj-ը եւ YouTube վիդեոհոսթինգը:
Նախորդ շաբաթ` հուլիսի 23-ին, արգելափակվել էր «Ասիա-պլյուս» գործակալության կայքը, որի հասանելիությունը վերականգնվել էր մեկ օր անց: Արգելափակումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է Գորնո-Բադախշանի ինքնավար մարզի վարչական կենտրոնում հուլիսի 24-ից սկսված գործողություններով` ուղղված ապօրինի զինված հանցախումբը վերացնելուն:
Հատուկ գործողությունների սկսելուց հետո Խորոգ քաղաքի հետ բոլոր տեսակի հաղորդակցման ուղիները անջատվել էին: Այժմ կապը մասնակի վերականգնվել է:



























