18 ամիս անց Իրանն իր միջուկային ծրագրում ծայրահեղ աստիճանի կհասնի եւ կհայտնվի ատոմային ռումբի ստեղծման շեմին, կարծում են ամերիկյան փորձագետները: Իսկ երբ այդ ժամանակը գա, ԱՄՆ-ն ամբողջ հզորությամբ հարված կհասցնի:
Իրադարձությունների նման զարգացման մասին հայտարարել է անձամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հայտնում է իսրայելական «Եդիոտ Ահրոնոտ» թերթը: Այդ հայտարարության մեջ Իսրայելի համար հատուկ հաղորդագրություն կա`միակողմանի չհարձակվել Իրանի վրա: Այդ դեպքում Վաշինգթոնը չի կարող աջակցել Երուսաղեմին համաշխարհային ասպարեզում: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի կառավարությունը ՑԱԽԱԼ-ի համար ռազմական օգնության հատուկ փաթեթ է մշակել, որը պետք է Իսրայելին զերծ պահի Իրանի դեմ հարձակումից:
Ենթադրվում է, որ հենց այդ մասին է խոսելու Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան վարչապետ Նեթանյահուի հետ: Նա Իսրայել է հասնելու հուլիսի 31-ի երեկոյան: Հրատարակչությունը հաստատում է, որ նա մտադիր է կառավարության ղեկավարի եւ իր գործընկեր Էհուդ Բարաքի հետ քննարկել Իրանի դեմ հարձակման ամերիկյան ծրագիրը, գրում է MIGNews-ը:
Նախօրեին Բարաքը հարցազրույց էր տվել CNN գործակալությանը, որում հայտարարել էր. «Մենք եւ ամերիկացիները նույն կողմում ենք... Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը դառնա միջուկային պետություն, եւ այդ պատճառով էլ չենք բացառում այդ պատմության ելքի ոչ մի տարբերակ»:



























