Ռուս ներդրող, Mail.Ru Group-ի DST հիմնադրամի համասեփականատեր Յուրի Միլները ֆիզիկայի համար սահմանել է նոր ամենամյա մրցանակ` 3 միլիոն դոլարի չափով:
3-ական միլիոն դոլար արդեն ստացել են 9 գիտնականներ: Նրանք բոլորը կընդգրկվեն հանձնաժողովի կազմում, որն ապագայում որոշում կկայացնի նոր մրցանակների շնորհման վերաբերյալ: The Guardian թերթը նշում է, որ Միլների մրցանակն ավելի «պատվավոր» կարելի է համարել, քան Նոբելյանը, որը կազմում է 1,1 միլիոն դոլար:
Ինչպես թերթի հետ հարցազրույցում պատմել է Միլները, մրցանակը կտրվի երկու անվանակարգերում: Առաջինը` «Նոր հորիզոններ ֆիզիկայում», կշնորհվի տարվա սկզբին երիտասարդ գիտնականներին: Երկրորդը կարող է շնորհվել տարվա ցանկացած ժամանակ ֆիզիկայի բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար:
1985 թվականին Յուրի Միլներն ավարտել է ՄՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը` «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Գիտությունների ակադեմիայի ինստիտուտներից մեկում, գրում է gazeta.ru-ն:




























