Հնդկաստանում խոշորագույն վթարի արդյունքում 600 մլն մարդ` բնակչության գրեթե կեսը, մնացել է առանց էլեկտրականության: Հոսանքազրկումը տեղի է ունեցել երկրի հյուսիսային եւ արեւելյան մասերում, առանց էլեկտրականության են մնացել 35 սուբյեկտներից 16-ը: Վթարն արդեն ճանաչվել է համաշխարհային պատմության մեջ էլեկտրահամակարգի ամենախոշոր խափանումը:

Հիշեցնենք, էլեկտրամատակարարման խնդիրներն սկսվել էին հուլիսի 30-ին, դադարել էր աշխատել հյուսիսային էներգահամակարգը, երկրի մեկ քառորդը մնացել էր առանց էլեկտրականության: Երեկոյան այն վերականգնել էին, բայց հուլիսի 31-ին նոր վթար էր տեղի ունեցել: Հենց այդ ժամանակ էլ անջատվել էր նաեւ Հնդկաստանի արեւելյան հատվածի հոսանքը: Կալկաթան`Հնդկաստանի արեւելքում գտնվեղ մեծությամբ երկրորդ քաղաքը եւս մնացել է առանց էլեկտրականության:

Հոսանքազրկված են մնացել Դելին, Փենջաբը, Ութար Պրադեշը, Ռաջաստանը եւ խոշոր այլ նահանգներ, գրում է «Իզվեստիան»:

Կանգնած են մնացել գրեթե 350 գնացքներ, հիվանդանոցներն ու արտակարգ ծառայություններն աշխատում են պահեստային գեներատորներով: Դելիում կաթվածահար է մետրոյի աշխատանքը: Քաղաքի փողոցներ են հանվել, տարբեր տվյալներով, երեքից չորս հազար կարգավորողներ, քանի որ լուսացույցները չեն աշխատում: