Հայաստանում պատրաստվում են արգելել հոգեւոր կազմակերպությունների ֆինանսավորումն արտասահմանից: Նման պահանջ է պարունակվում «Խղճի եւ կրոնի ազատության մասին» օրենքի նոր խմբագրության մեջ, որը նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել օգոստոսի 2-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարարության հասարակական կառույցների ռեգիստրի բաժնի պետ Էդիկ Ասատրյանը:
Բացի դրանից, հոգեւոր կազմակերպություններին զանգվածային քարոզչության հնարավորություն չեն ընձեռի: Նրանք նաեւ պետք է իրենց կայքում հրապարակեն ամենամյա ֆինանսական հաշվետվություններ կամ էլ այն ներկայացնեն պետությանը:
Կանոնների խախտման համար կազմակերպությունները կպատժվեն մինչեւ 400 հազար դրամ տուգանքով, կարող են նույնիսկ լուծարվել: Այնուամենայնիվ, օրենքը պարունակում է նաեւ մի շարք ազատական դրույթներ: Նվազեցվել է անդամակցության շեմը (200-ից մինչեւ 25), իսկ կազմակերպության գաղափարախոսությունը գրաքննություն չի անցնի: Վերջին կետը հարուցել է Վարդան Մարգարյանի դժգոհությունը. «Հետեւաբար, եթե մեզ դիմեն սատանայապաշտներ, մենք ստիպված նրանց էլ պետք է գրանցենք»:




























