«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարզապես փորձում է իրեն ավելի թանկ վաճառել` մի կողմից չհարելով ընդդիմադիր ճամբարին, մյուս կողմից համագործակցելով ՀԱԿ-ի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով` այսօր անհնար է կանխատեսել ԲՀԿ-ի, ինչպես նաեւ ՀԱԿ-ի հետագա կուրսը, քանի որ այդ ուժերն իրենք էլ չգիտեն ուր են գնում:
«Այդ հարաբերությունները բավականին բարդ եւ դաժվար կանխատեսելի են: ՀԱԿ-ի մասով միանշանակ կարելի է ասել, որ այդ կառույցի ներսում շատերը չեն հասկանում, թե ինչու է պետք կապվել ԲՀԿ-ի հետ: Ոմանք անգամ այդ պատճառով դուրս են եկել ՀԱԿ-ից, մյուսներն առայժմ այնտեղ են, սակայն դեմ են արտահայտվում նման համագործակցությանը»,-նշեց Սարգսյանը` ավելացնելով, որ շատ հակասական կարծիքներ կան. մի մասը կարծում է, որ ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ թուլացնում է կառավարող ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի դիրքերը, մյուսներն ասում են, որ հակառակը, ուժեղացնում է, քանի որ ապրիորի թուլացնում է հենց ՀԱԿ-ին:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այստեղ փորձագետի խոսքով, ամեն ինչ ավելի հեշտ է: «Նա փորձում է ավելի շատ ունենալ: Ակնհայտ է, որ այդ քաղաքկան ուժը ՀՀԿ-ից ուղղակի հեռանալու կուրս չի վերցրել եւ մտադիր չէ դա անել` ինչո՞ւ: Նրանք շարունակում են ինչ-ինչ շփումներ ունենալ, միասին հարցեր լուծել, եւ դրա վառ ապացույցը Սամվել Բալասանյանի առաջադրումն է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում»,-նշեց փորձագետը: Միաժամանակ, ԲՀԿ-ի` ընդդիմադիր ուժերից մեկի հետ հարաբերությունները չի կարելի դիտարկել որպես տրամադրությունների արմատական փոփոխություն, քանի որ դրա ետեւում առավելագույն դիվիդենտներ ստանալու պարզ ձգտումն է:
Պատասխանելով հարցին, թե մինչեւ ուր կարող է գնալ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ-ի համագործակցությունը, փորձագետը նշեց, որ առավել հավանական է ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձեւաչափը, որը ստեղծվել էր Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին:



























