2012 թ. հուլիսին հունիսի նկատմամբ բարձր տեսակի հացը թանկացել է 2.6%-ով, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդհանուր առմամբ` «հացամթերք» ապրանքախմբում հուլիսին 1.5% գնաճ կա, ընդ որում` առաջին տեսակի ալյուրը թանկացել է 1.6%-ով: Թանկացել են նաեւ սիսեռը, բրինձը եւ ոլոռը:
NEWS.am-ի դիտարկումները երեւանյան հացի վաճառակետերում ցույց տվեցին, որ հացի թանկացում առկա է ոչ ամենուրեք: Հացը խանութների մի մասում թանկացվել է դեռ հուլիսի սկզբներին` միջինը 5-10 դրամով, կամ նվազեցվել է հացի կշիռը, ուստի թանկացումները «աննկատ են» մնացել: Հացի թանկացման պատճառը ալյուրի թանկացումն է: Բարձր կարգի ալյուրը թանկացվել է դեռ մայիսին` 10-15%-ով, ինչն էլ այնուհետ ազդել է հացի գների վրա: Ներկայում բարձր կարգի ալյուրը մեծածախ վաճառակետերում վաճառվում է կգ-ը 230-240 դրամով, մայիսի 200 դրամի համեմատ:
Նշենք, որ միջազգային շուկայում շարունակվում է ցորենի գնի աճը, ինչի հետեւանքով հնարավոր է` Հայաստանում ալյուրն ու հացը կրկին թանկանան: Ցորենի միջազգային գների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: Հուլիսի 30-ին Չիկագոյի բորսայում ցորենի տոննայի գինը բարձրացել է մինչեւ 336 դոլար: Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստում, որտեղից Հայաստանը ձեռք է բերում ներմուծվող ցորենի մեծ մասը, ցորենի 1 տոննայի արժեքը գտնվում է 305 դոլարի սահմաններում: Փորձագետները ցորենի գնի էժանացում առաջիկայում չեն կանխատեսում:



























