Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը մերժմամբ է պատասխանել ընդդիմության առաջարկին` քննարկել քաղաքացիություն շնորհելու չափորոշիչները, եւ մտադիր չէ խորհրդարանում վերսկսել ազգային ինքնության քննարկումները:

Ավելի վաղ Վալսը հայտարարել է, թե մտադիր չէ մեղմացնել քաղաքացիություն շնորհելու չափազանց խիստ կարգը, որը մտցրել է իր նախորդ Կլոդ Գեանը: Այդ կապակցությամբ ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Գիյոմ Լյարիվեն Վալսին խնդրել է սկսել քննարկումները:

«Ես մտադիր չեմ արծարծել քաղաքացիության հիմքերը, ուստի որեւէ անհրաժեշտություն չկա քաղաքացիության կամ ինքնության վերաբերյալ քննարկումներ անելու, ինչպես արել եք նախկին նախագահի օրոք»,- նշել է Վալսը եւ հավելել, որ իր համար հիմնական չափորոշիչներն են ֆրանսերեն լեզուն, ֆրանսիական արժեքների կիսումն ու կայուն իրավիճակին աջակցելը: Ազգությամբ իսպանացի նախարարը հայտնել է, թե ինքն էլ սովորել է ֆրանսիացի լինել, եւ Ֆրանսիա ժամանողը պետք է անցնի այդ ճանապարհը: