Խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ ինդիկատոր էին նախագահական ընտրությունների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: Նրա խոսքով` մայիսին անցկացված խորհրդարնական ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն պահպանեց իր դիրքերը: ՀՀԿ-ն ցույց տվեց իր հնարավորությունները, որոնք նա ուներ եւ որոնք նրա տրամադրության տակ կլինեն առաջիկա նախագահական ընտրություններում:
«Խորհրդարանական ընտրություններն արդեն երաշխիք են դարձել ՀՀԿ-ի թեկնածուի համար, ով, բնականաբար, Սերժ Սարգսյանն է լինելու, որ նա մեծ շանսեր կունենա»,-նշեց Պողոսյանը:
Ցանկացած դեպքում, ըստ սոցիոլոգի, դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ամառ է, բնակչությունը ակտիվ չէ, եւ սոցիոլոգիական հետազոտություն այդ թեմայով չի անցկացվում:
«Մենք հավանաբար նախնական հետազոտությունները կսկսենք սեպտեմբերի վերջերին: Կարող են միայն ասել, որ հաշվի առնելով նախորդ տարիների միտումները, ավանդաբար նախագահական ընտրություններին ակտիվությունը 8-10%-ով ավելի բարձր է լինում, քան խորհրդարանական ընտրություններին»,-հայտարարեց Պողոսյանը:
Նախագահական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2013թ-ին:



























