Մանհեթանի դաշնային դատավոր Ֆրենք Մաասը հուլիսի 30-ին որոշում է կայացրել, ըստ որի միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» ցանցը,  «Թալիբան» շարժումը եւ Իրանը պարտավոր են 2011 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին վճարել 6 միլիարդ դոլար:

Գործի հայցվոր էր հանդես գալիս  Համաշխարհային առեւտրի կենտրոնի հարավային մասին բախված ինքնաթիռի հրամանատարի կինը` Էլլեն Սարացինին, ինչպես նաեւ ահաբեկչության այլ զոհերի հարազատներ, հայտնում է rbc-ն` հղում անելով Associated Press-ին:

Մեկ տարի առաջ դաշնային դատավոր Ջորջ Դանիելսը նմանօրինակ որոշում էր կայացրել, ըստ որի ահաբեկչության համար պատասխանատու էին ոչ միայն «Ալ Կաիդայի» գրոհայինները, թալիբները, այլեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին եւ լիբանանյան  «Հեզբոլլահ» խմբավորումը:

Թեհրանը մեղավոր էր, քանի որ կարող էր ձերբակալել ահաբեկիչներին  իր տարածքում, քանի որ այաթոլլան գիտեր պատրաստվող հարձակումների մասին: Ըստ Վաշինգթոնի` իրանական իշխանությունները որոշ ահաբեկիչների օգնել են ապաստան գտնել: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նախկինում պաշտոնապես հերքել էր Թեհրանի մասնակցությունն ահաբեկչությանը:

Ֆ. Մաասիի որոշումը զոհվածների հարազատներին թույլ կտա հասնել արտասահմանյան բանկերում իրանական հաշիվների սառեցմանը: Է. Սարացինին որեւէ փոխհատուցում ստանալու հույս չունի: