Վաշինգթոնն Իրանի դեմ հերթական պատժամիջոցների փաթեթն է կիրառել: Պատժամիջոցները վերաբերում են Իրանի ֆինանսական եւ էներգետիկ տնտեսությունների հատվածներին:
Ամերիկյան նոր պատժամիջոցներից են իրանական նավթաքիմիական ապրանքների «գնումը կամ ձեռքբերումը»:
Պատժամիջոցները կսպառնան այն ընկերություններին, որոնք որեւէ գործարք կունենան Իրանական ազգային նավթային ընկերության, Naftiran Intertrade ընկերության, իրանական կենտրոնական բանկի հետ, ինչպես նաեւ օգնություն կցուցաբերեն Իրանին թանկարժեք մետաղների կամ ամերիկյան դոլարների գնման գործում:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվել են երկու բանկեր`չինական Bank of Kunlun-ը եւ իրաքյան Elaf Islamic Bank-ը: Նշվում է, որ այդ հաստատություններն օգնել են Իրանին շրջանցել պատժամիջոցները եւ այդ պատճառով էլ բացառվել են ամերիկյան ֆինանսական համակարգից, հայտնում է BBC-ն:
Նոր պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն կբացահայտի ցանկացած ֆինանսական կառույց, որը «հուսահատ իրանական վարչակարգին» հնարավորություն կտա համաշխարհային ֆինանսական ասպարեզ դուրս գալ, ասվում է Օբամայի հայտարարության մեջ:



























