Պյատիգորսկում իննամյա Անյա Պրոկոպենկոյի սպանության մեղադրյալին կասկածում են նաեւ երիտասարդ կնոջ բռնաբարության մեջ, հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նա հաղորդել է նաեւ կասկածյալի անունը`նախկինում քանիցս դատապարտված տեղի բնակիչ Վլադիմիր Համբարձումով:
«Քննության ընթացքում հայտնաբերվել էր Վլադիմիր Համբարձումովի հանցավոր գործունեության եւս մեկ փաստ: Նա կասկածվում է հուլիսի 3-ին պյատիգորսկցի երտասարդ մի կնոջ բռնաբարության մեջ: Բռնաբարության փաստով հարուցվել է քրեական գործ, առաջիկայում գործերը կկցվեն», - Մարկինի խոսքերը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Պյատիգորսկում ձերբակալվել է իննամյա Անյա Պրոկոպենկոյի սպանության կասկածյալը: Նա 40 տարեկան է, նախկինում քանիցս դատվել է սեռական բնույթի այլասերված գործողությունների համար եւ կալանավայրից ազատվել էր շուրջ մեկ ամիս առաջ:
Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմիններում հայտնում են, որ արդեն ստացվել են երեխայի սպանության գործում նրա մասնակցության ապացույցները:



























