Բաքվի հրեական պատմական գերեզմանոցը վերածվել է աղբավայրի, գրում է Izrus-ը:
Աղբյուրի տվյալներով` հարեւան ավտոտնակների տերերը ցանկապատից աղբը դուրս են նետում. «Շարժիչի յուղի տարաներ, ավտոմեքենայի դարն ապրած մասեր, հին անվադողեր եւ ավտոմեքենաների հետ կապված այլեւայլ անպետք պարագաներ ավտոտնակների տերերը կամ ննրանց սպասարկողները նետում են Բաքվի հրեական պատմական գերեզմանոցի ցանկապատից ներս», - գրում է հրեական լրատվական գործակալությունը` բաքվեցիների պահվածքը բացատրելով հակասեմականությամբ:
Հրապարակմանն արձագանքել է Իսրայելի ԱԳՆ-ն: Հակասեմականության դեմ պայքարի բաժնի Դորիթ Գերշկովիչը հարցում է ուղարկել Բաքվում Իսրայելի դեսպանատուն` խնդրելով պարզել իրավիճակը: Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Ռոնեն Կրաուսի ստուգումները ցույց են տվել, որ տեղեկատվության աղբյուրը ԽԱԲԱԴ-ի տեղացի րաբբին է: Նա տեսել է գերեզմանոցի աղբը եւ այդ մասին պատմել գործակալության թղթակցին:
Կրաուսը եկել է այն եզրկացության, որ պատճառը ոչ թե հակասեմականությունն է, այլ անփութությունը. աղբն այնտեղ լցնում են ոչ թե նրա համար, որ դա հրեական է, այլ` ավտոտնակներին մոտ գտնվելու համար: Այնպես որ, տվյալ դեպքում խոսքը ոչ թե հակասեմականների, այլ պարզապես խոզերի մասին է», - եզրակացնում են հրապարակման հեղինակները:



























