Սեւանա լճում 2008թ. խեղդվել է 9 մարդ, փրկվել` 20-ը, 2009թ. մահացել է 11 մարդ, փրկվել` 23 ը, 2010թ.  մահացել 9 մարդ, փրկվել` 28-ը, 2011թ.  մահացել է 9 մարդ, փրկվել` 14-ը, 2012թ.  մահացել է 5 մարդ, փրկվել` 14-ը: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը խոսելով Սեւանում կուրորտային սեզոնի ընթացքի եւ ԱԻՆ ջրափրկարարական ջոկատի աշխատանքների մասին:

Վերջինս նշեց, որ խեղդվողների եւ փրկվողների մեծ մասը տղամարդիկ են, կանայք շատ քիչ են:Հարցին, թե որն է այդ երեւույթի պատճառը, Սամվել Մկրտչյանը պատասխանեց. «Որովհետեւ կանայք հեռու չեն լողում, շատ զգույշ են լողում, չափավոր են խմում»:

Սամվել Մկրտչյանը հիշեցրեց նաեւ փրկարարների թեժ գծի համարը` 099 267-102 կամ 911: Ինչպես նաեւ նշեց, որ ձկնորսություն անելիս երկու եղբոր ռետինե նավակը պայթել է եւ նրանց փրկել  է այն հանգամանքը, որ իրենք իմացել են թեժ գծի համարը եւ օգնություն են խնդրել: