Իրանը եւ «Ալ-Քաիդան» ամենամեծ ահաբեկչական վտանգն են ներկայացնում միջազգային հանրության համար: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության 2011 թ. ահաբեկչությանը նվիրված ամենամյա զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ «2011 թ-ի ընթացքում Իրանը շարունակում էր մնալ ահաբեկչության գլխավոր հովանավորը եւ ակտիվորեն խթանում էր ահաբեկչության հետ կապված գործողությունները»:
Հեղինակների կարծիքով, Իսլամական հանրապետությունը զենքով ապահովում եւ մարզվելու համար տարածքներ է տրամադրում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գրոհայիններին, ինչպես նաև «Ալ-Քաիդա»-ի անդամներին թույլ է տալիս իրենց կարիքների համար օգտագործել Իրանի տարածքը, այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Իրանը զենք է տրամադրում նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, ինչպես նաեւ Թեհրանը «Ֆինանսական և նյութական-տեխնիկական օգնություն է ցուցաբերում Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ահաբեկիչներին եւ ապստամբական խմբավորումներին»:
Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ թեեւ «Ալ-Քաիդան», իր որոշ բարձրաստիճան ղեկավարների սպանություններից հետո որոշակիորեն կորցրել է իր նախկին հզորությունը, սակայն շարունակում է իրենից լուրջ վտանգ ներկայացնել:



























