Ադրբեջանը Կասպից ծովի ափի երկայնքով ռադիոլոկացիոն 7 կայաններ տեղադրելու պարտավորություն է ստանձնել` զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի համար, ասվում է ԱՄՆ-ի պետդեպի ահաբեկչության դեմ պայքարի վարչության 2011թ. հաշվետվությունում:
Համաձայն հաղորդագրության` այդ ՌԼԿ-ները կօգտագործվեն Ադրբեջանի ռազմածովային նավատորմի եւ սահմանային պետական ափային հսկողության ծառայության կողմից` ծովային հետախուզության եւ մաքսանենգության սպառնալիքը բացահայտելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «ԱՊԱ»-ին:
Բացի այդ, Ադրբեջանն ավարտել է կենտրոնական կենսալաբորատորիայի արդիականացումը` կենսահաբեկչության պոտենցիալ վտանգը կանխելու համար:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Ադրբեջանն ակտիվ պայքար է մղում ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք Կովկասով մարդկանց, փողերի եւ սարքավորումների ապօրինի փոխադրումներ են իրականացնում:



























