Թուրքիայի համար եվրաինտեգրումն այսօր առաջնային ուղղություն չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով` Անկարան պատճառների մի ամբողջ շարք ունի, ինչից ելնելով Եվրոպայի ճանապարհին «ոտքը գազին չի դնում»:
«Թուրքիայում հիանալի հասկանում են, որ այդ ուղով հետագա առաջընթացի համար հարկավոր է որոշակի բարդ պահանջներ կատարել, իսկ դա նրան հարկավոր չէ», - նշեց Շաքարյանը:
Վերոնշյալ պատճառներից զրուցակիցն առանձնացրեց օրինակ այն, որ Թուրքիան փոքր եւ միջին բիզնեսի զարգացման առաջնային կարգավիճակ է որդեգրել: Բացի այդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափից ավելի է հակված իսլամի գաղափարներին, քան դա կարող է հանդուրժել Եվրոպան: Նաեւ, Թուրքիայի դիրքորոշումն Իրանի նկատմամբ արտաքին քաղաքական ռեսուրսի բարձր կենտրոնացում է պահանջում:
Այն հարցին, թե չեն մերձեցնում արդյոք Թուրքիային եւ Արեւմուտքին իրանական հարցի շուրջ մոտ սկզբունքները, Շաքարյանն ընդգծեց, որ տվյալ դեպքում ամեն ինչ նշաններից է կախված: «Ես տվյալ դեպքում Արեւմուտք չէի համարի Եվրոպան, քանի որ որպես արտաքին քաղաքական գործոն` ԵՄ-ն զրո է, իսկ Քեթրին Էշթոնը խորհրդանշական կերպար է: Արեւմուտք ասելով` ես նկատի կունենայի ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան», - ասել է Շաքարյանը:
Անկարայում հասկանում են, որ տվյալ պահին ԵՄ-ում անդամակցությունն անհնար է, քանի որ Ֆրանսիան եւ Գերմանիան դա թույլ չեն տա: «Փարիզում եւ Բեռլինում հասկանում են, որ ԵՄ մտնելով Թուրքիան կդառնա եվրոպական ասպարեզի ամենահզոր խաղացողներից մեկը: Հենց միայն Թուրքիայի բնակչության գործոնը վախեցնում է Եվրոպային», - ասել է Շաքարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիան դեռ հունիսի սկզբին դադարեցրել էր ԵՄ-ի հետ կապերը, քանի դեռ ԵՄ-ի նախագահը Կիպրոսի Հանրապետությունն է լինելու: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԵՄ-ի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ կիպրոսյան ղեկավարության ընթացքում ոչ մի թուրքական գերատեսչություն չի համագործակցի ԵՄ-ի հետ:



























