Հայաստանի բոլոր գյուղնախարարներին, սկսած 1994 թվականից, պետք է պատասխանատվության ենթարկել` սխալ ագրարային քաղաքականություն վարելու համար: Այսօր` օգոստոսի 1-ին նման հայտարարությամբ հանդես եկավ «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Գյուղնախարարի մակարդակով հայտարարություն է արվում, որ վարը սխալ է, եկեք հրաժարվենք: Սերգո Կարապետյանը գնացել է Արգենտինա, որտեղ փխրուն հողեր են, պետք չէ խորը մշակել, եկել հայտարարում է… ոչ մի մասնագետ նման բան չի ասել: Հայաստանում անվար մշակում նպատակահարմար չէ»,- ասաց Ս. Սեդրակյանը:
Նրա տեղեկացմամբ` գյուղում վիճակը տարեցտարի վատանում է, տեղի է ունենում անապատացման գործընթաց: Մշակելի հողատարածքները 560 հազար հա են, սակայն, ըստ Ս. Սեդրակյանի, դրանց 60-70%-ը չի մշակվում: Գյուղերը դատարկվում են, տեղի է ունենում բեւեռացում` հարուստների փոքր խավ ձեռք է բերում մեծ հողատարածքներ, իսկ մյուս գյողացիները աղքատանում են: Ավելին` Ս. Սեդրակյանի կարծիքով, Հայաստանը ստորագրել է անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիա, սակայն իր ստանձնած պարտավորությունները չի կատարում:
Ս.Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ վիճակը բարելավելու համար պետությունը պետք է ջանքեր գործադրի, այնինչ առայժմ ոչինչ չի արվում:


























