«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 2013 թվականի կայանալիք ընտրություններին առաջադրման դեպքում կաջակցի «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ըստ նրա` «Ազատ դեմոկրատները» եւ «Ժառանգությունը» համագործակցում են, խորհրդարանում խմբակցություն են ձեւավորել, եւ նման դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի միավորմանը մեկ միասնական թեկնածուի շուրջ, Սեդրակյանն ասել է. «Տվյալ պահին «Ազատ դեմոկրատների» դիրքորոշումը միանգամայն հստակ է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության հարցում: Ընդդիմադիր թեկնածուն պետք է ներկայացնի իսկական ընդդիմություն, այլ ոչ թե ինչ-որ չափով հեռացած լինի իշխանությունից»:
«Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության հնարավորությունը մեկնաբանելու խնդրանքին Սեդրակյանը պատասխանել է, որ հարցը չպետք է այդ տեսանկյունից դիտարկել: «Հարցն այն է, թե ինչ նպատակ է հետապնդում ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունը», - հայտարարել է Սեդրակյանը:
Գնահատելով «Բարգավաճ Հայաստանի» ներկայիս անհասկանալի դիրքորոշումը` Սեդրակյանն ասել է. «Ցանկացած քաղաքական ուժ ունի հստակ քաղաքական, գաղափարական հիմք, ուղղություն: «Բարգավաճ Հայաստանի» դեպքում ես դեռեւս դա չեմ տեսնում: Սակայն Հայաստանում միշտ էլ կարծել են, որ իշխանությունից հեռանալն ընդդիմության կողմն անցնելն է: Պետք է հասկանալ, որ դա այդպես չէ»:
Վերջում Անուշ Սեդրակյանը նկատել է, որ «նույնիսկ եթե «Բարգավաճ Հայաստանը» որոշի հեռանալ իշխանությունից, իշխանությունը «Բարգավաճ Հայաստանից» հեռանալ չի պատրաստվում»:




























