Իրադրությունը Հալեպի հայկական թաղամասերում վերջին օրերին նույնն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հալեպում Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Ըստ նրա`ակտիվ մարտական գործողություններն իրենցից հեռու են ընթանում, իսկ թաղամասերում հարաբերական հանգիստ է: 

«Իրադրությունը կարելի է բնորոշել որպես փխրուն հանդարտություն: Հալեպի հայկական թաղամասերում դեռեւս լուրջ բախումներ չեն եղել», - ասել է նա:

 Ինչ վերաբերում է Սիրիայում ընդհանուր իրադրությանը, մասնավորապես սիրիական գրոհայինների կողմից Ալ Բաբեի ոստիկանական բաժանմունքի գրավմանը, Ռեիսյանն ասել է, որ պայքարը փոփոխական հաջողությամբ է ընթանում: «Բաժանմունքի գրավումը ցուցանիշ չէ: Դժվար է ասել` ով է հաղթում: Երկու կողմերն էլ կորուստներ են կրում, երկուսն էլ հաջողություններ ունեն», - ընդգծել է նա:

Ինչպես ավելի վաղ սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությանը վկայակոչելով հայտնել էր  NEWS.am-ը, Հալեպ քաղաքի Աս Սուքարի եւ Սալահ էդ Դին թաղամասերում բախումներ են տեղի ունեցել հատուկ նշանակության ջոկատների եւ զինված գրոհայինների միջեւ: Տասնյակ գրոհայինններ սպանվել եւ վիրավորվել են: Նրանցից շատերը հանձնվել են իշխանություններին: