Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում մեծ արագությամբ աճում են բջջային տեխնոլոգիաները, ռեպրեսիվ ռեժիմով երկրներում բջջային  ծառայության օգտատերերը բախվում են անձնական  կյանքի եւ անվտանգության բնագավառում մեծացող  ոտնձգություններին: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Հեռարձակման կառավարման միության եւ «Freedom House» կազմակերպության` հուլիսի 30-ին հրապարակած զեկույցի հեղինակները:

«Կապի անվտանգություն. Բջջային կապի անվտանգության առասպելի դիմակազերծում» զեկույցում վերլուծվում են հարցեր` բջջային կապի օգտագործման վերաբերյալ, այդ թվում թեսթավորվում են բջջային հայտնի միջոցները, որոնք տարածված են նշված 12 երկրներում ` Ադրբեջան, Բելարուս, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Լիբանան, Օման, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Թունիս, Ուզբեկստան, Վիետնամ:

Ադրբեջանի դեպքում զեկույցի մեջ նշվում է նաեւ այդ երկրում  վերջերս մտցված  գրաքննության կանոնները. «2012 թ-ի հունվարին կառավարությունը նոր կանոններ է մտցրել, որոնք պահանջում են, որպեսզի յուրաքանչյուր բջջային հեռախոս գրանցվի հեռահաղորդակցության  հարցերով զբաղվող պետական ծառայության կողմից (Կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարություն): Բոլոր օտարերկրացիները նույնպես ստիպված կլինեն գրանցել իրենց բջջայինները, քանի որ չգրանցված հեռախոսների համար ծառայություններ չեն մատուցվի:

Զեկույցում նաեւ նշվում է տեղեկատվական անվտանգության համար հատուկ կենտրոն բացելու ծրագրերի մասին. «2012թ-ի հունվարին ադրբեջանական մամուլը գրել էր Կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարությանը կից Տեղեկատվական Ազգային կենտրոն բացելու ծրագրի  մասին: Կենտրոնը կբացվի 2012 թ-ին, որի հիմնական պարտականությունը կլինի երկրի ցանցային ենթակառուցվածքների մոնիտորինգը, նոր վտանգների  բացահայտումը եւ դրանց չեզոքացումը , ինչպես նաեւ արտակարգ պատահարների դեպքում այլ կազմակերպություններին  տեղեկատվական անվտանգությանը վերաբերող  օգնության տրամադրում: Մոնիտորինգի քաղաքականության, կապի արգելափակման եւ օգտագործվող տեխնալոգիաների մասին տեղեկությունը քիչ է»:

Բացի այդ, փաստաթղթում մեջբերվում է նաեւ  Ադրբեջանում իրականացված  կապի վերահսկմանը վերաբերող  հարցման արդյունքները. «Հարցվողների 5 տոկոսը կարծում է, որ իրենց երկրում պարբերաբար իրականացվում են մոնիտորինգներ, ձայնագրումներ եւ խոսակցությունների վերլուծություններ: 23 տոկոսը կարծում է, որ գոյություն ունի օրենք, որը սահմանափակում է արգելափակումների  ու մոնիտորինգների վերահսկողությունը: 18 տոկոսը կարծում է, որ գոյություն ունեն հատուկ մասնագիտացված  հետաքննչական խմբեր , իսկ 13 տոկոսը հայտնել է, որ իրենք տեղեկացված են մասնագիտացված պետական ծառայությունների մասին, որոնք պատասխանատու են կապի վերահսկման եւ կարգավորման համար: Հարցման մասնակիցների  13 տոկոսը հայտնել են նաեւ, որ գոյություն ունեն շուկայական համաձայնություններ մասնագիտացված ծառայությունների հետ»: