Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ըստ բնակիչների, լուրջ է դրված նաեւ աղբահանության հարցը: NEWS.am-ի Շիրակի թղթակիցն այսօր շրջել է Գյումրիի մի քանի փողոցներում ու ֆիքսել աղբով բարձված աղբամաններն ու դրանց հարակից տարածքները, որոնց շուրջ հավաքված են եղել թափառող կենդանիներ:
Թղթակցի հետ զրույցում գյումրեցիների մի մասը վստահեցրել է, որ աղբահանությունը նշված թաղամասում ամեն օր է կատարվում, իսկ մի մասն էլ հակադարձել է, որ սա մեկ օրվա հավաքված աղբ չէ:
«Գարշահոտությունից խեղդվում ենք, չեն էլ գալիս մաքրեն, ինչքան շուն ու կատու կա, սաղ աղբամանների կողքն են, վախենում էլ ենք արդեն մայթով անցնել»,- դժգոհել են նրանք: Մի մասն էլ գյումրեցուն վայել հումորով կատակել է. «Գյուրիում քաղաքական վիճակն այնքան խառն է, որ…դու էլ եկել ես` աղբն ես նկարում, հիմի քաղաքապետարանը ժամանակ չունի նման բաներով զբաղվելու, ընտրություններից հետո սաղ իր տեղը կնգնի, հիմա մեր մոտ ավելի լուրջ խնդիրներ կան….»:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























