Համացանցում տեսագրություն է հայտնվել, որում սիրիական ընդդիմության գրոհայինները Հալեպում մարդկանց պատի մոտ են շարում եւ Կալաշնիկով ինքնաձիգներով մի քանի կրակահերթ բացում նրանց վրա:

Սպանվածներից մեկի ինքնությունը հետագայում պարզվել է: Նա եղել է Բաշար Ասադի վարչակարգին հավատարիմ կլաններից մեկի ղեկավարը: Սպանվածները ենթադրաբար կառավարական զինված «Շաբիհա» խմբավորման անդամներն են եղել:

Ինչպես հայտնում է BBC-ն,   «Մարդու իրավունքների սիրիական դիտակետ» իրավապաշտպանական կազմակերպությունը եւ միջազգային  Human Rights Watch կազմակերպությունը դատապարտել են գերիների գնդակահարությունը` որակելով որպես ռազմական հանցագործություն: 

Համացանցում այդ հոլովակի հայտնվելուց հետո արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը գրառում է արել Twitter-ում, որում ասվում է.  «Հալեպում ընդդիմության դաժան հաշվեհարդարը կառավարության կողմնակիցների նկատմամբ հաստատում է, որ մարդու իրավունքների խախտումը տեղի է ունենում երկու կողմից:  Օգտակար կլիներ, եթե արեւմտյան եւ արաբական քաղաքական գործիչները Սիրիայում իրադրությանն այս տեսանկյունից նայեին: Բռնությունը պետք է դադարեցնեն բոլորը», հաղորդոմ է rbc-ն:

Հալեպում կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ մարտերը շարունակվում են արդեն մի քանի օր: Լրատվամիջոցները հայտնում են, որ Ասադի կողմնակիցներին հաջողվել է զավթել Հալեպի հարավ-արեմուտքում գտնվող Սալահ էդ Դին թաղամասը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի զինված ուժերի 67-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել էր, որ «մեր երկրի եւ մեր ժողովրդի ճակատագիրը, անցյալը, ներկան եւ ապագան կախված է այս մարտի ելքից»: