Օգոստոսի 8-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սարգսյանը Ռուսաստան է մեկնելու աշխատանքային այցով:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում նախագահները քննարկելու են քաղաքական, հումանիտար եւ առետւրա-տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը:

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր օտարերկրյա ներդրողն ու առեւտրային հիմնական գործընկերներից է, ռուսական կապիտալ ներդրումների ծավալը 2012թ. հունվար-մայիսին գերազանցել է 2,8 միլիարդ դոլարը:, երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է 434,8 մլն դոլար:

Բացի այդ, հանդիպմանը քննարկվելու է Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, ներառյալ` իրավիճակը Հարավային Կովկասում: