Իրանական միջուկային հարցի լուծման համար ԱՄՆ-ն բանակցությունները համարում է լավագույն միջոցը, բայց հարցի լուծման տարբերակներ է համարում նաեւ« բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ մինչեւ ամերիկյան ռազմական ուժի կիրառումը» : Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան իսրայելցի իր գործընկերոջ` Էհուդ Բարաքի եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասուլիսից ժամանակ:
«Նախագահ Բարաք Օբաման պարզ հասկացրել է, որ ազգային անվտանգության ոլորտում Իրանի` ատոմային գերտերություն դառնալու հարցը մնում է առաջնային խնդիր եվ հնարավոր բոլոր միջոցների կիրառումը մնում է ուժի մեջ»,- Պանետային մեջբերում է «Իրան.ru»-ն:
«Այն դեպքում, եթե իրանցիները շարունակեն միջուկային զենքի արտադրությունը, մեզ մոտ պատրաստ են մի շարք գործողությունների տարբերակներ, որոնք թույլ չեն տա նրանց իրականացնել իրենց մտացածը»,- Պենտագոնի նախագահի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իսրայելի կառավարության կողմից իրանական միջուկային օբեկտներին հարվածներ հասցնելու սպառնալիքների վերաբերյալ Պանետան ընդգծել է, որ «իսրայելցիները իրենք պետք է որոշեն` ինչն է բխում իրենց ազգային անվտանգության շահերից» :
Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հաստատել են, որ իսկապես Իրանի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշում ունեն, քան ԱՄՆ-ն: Նրանք, մասնավորապես կարծում են, որ տնտեսական պատժամիջոցները «անչափ քիչ են»: Այս կապակցությամբ Իսրայելի վարչապետը կոչ է անում այլ երկրներին նույնպես Իրանի դեպքում ցուցաբերել ամենախիստ որոշումները: Նեթանյահուն կարծում է, որ գնալով ժամանակը կրճատվում է, քանի, որ Թեհրանը շարունակում է իրականացնել իր միջուկային ծրագրերը:



























