2012 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականաչափ հուսադրիչ է: Այդ մասին այսօր` օգոստոսի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում 7.8% է:
Ֆինանսների նախարարը նշեց, որ հատկապես ուրախալի է արդյունաբերության 13%, գյուղատնեսություն` 8.1, ծառայությունների 12% աճը: Շինարարության ոլորտում թեեւ գրանցվել է անկում, սակայն, ըստ նախարարի, ուրախալին այն է, որ բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունն աճել է: «Բնակչության հաշվին շինարարությունը մի քանի տարի անկում էր ապրում, հիմա տեղից սկսել է շարժվել»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Ֆինանսների նախարարը նաեւ նշեց, որ իր ղեկավարած գերատեսչության գնահատականներով` տնտեսական աճը 6.5% է: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ տնտեսական միտումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում, իսկ պետական բյուջեի եկամուտների պլանը կկատարվի:
Գնաճի վերաբերյալ ֆինանսների նախարարն ասաց, որ իրենց կանխատեսումներով տարվա վերջում գնաճը կլինի 4%-ից փոքր-ինչ ներքեւ, եթե միջազգային զարգացումները կտրուկ փոփոխություններ չառաջացնեն:


























