Հայաստանում ԱՊՊԱ-ի սակագները կարելի է նվազագույնը 20-30%-ով իջեցնել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` նման եզրակացության է հանգեցնում ապահովագրական հավելավճարների եւ ավտոապահովագրողների փոխհատուցումների հարաբերակցությունը:
«Մենք հոգ ենք տանում ոչ թե «Բենթլի» կամ «Ռոլս Ռոյս» վարողների մասին. նրանք բոլոր դեպքերում ի վիճակի են ցանկացած գին վճարել, այլ նրանց մասին, ովքեր հազիվ են իրենց «Ժիգուլիների» համար գազի կամ բենզինի գումար հայթայթում, այն էլ` տարեկան 2-3 ուղեւորության համար: Ինչու նրանք պետք է նման սակագին վճարեն, եթե ապահովագրողներն այդքան մեծ եկամուտներ են ստանում», - նշել է Ա. Պողոսյանը:
Հիշեցնենք, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, 2012թ. առաջին կիսամյակում գործող 8 ընկերությունների ապահովագրական հավելավճարների ծավալը կազմել է 10.1 մլրդ դրամ, վճարումների ծավալը (նաեւ` վճարման ենթակա գումարների)` 4.45 մլրդ: Ապահովագրական պայմանագրերի չհավաքագրված հավելավճարների ծավալը կազմում է 5.26 մլրդ, որպես ապահովագրական չհաշվառված այլ դեպքերի գումարը` 1.38 մլրդ: Չնայած դրան, վերջերս ապահովագրական որոշ ընկերությունների ղեկավարներ ապահովագրական վճարները բարձրացնելու միտք հայտնեցին:


























