Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը` Խուլիա Ռիտա Քուզիսի նախագահությամբ, օգոստոսի 1-ին միաձայն կողմ քվեարկեց 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին եւ միաժամանակ միացավ Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի կողմից 2006 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված թիվ 26199՝ «Ի հիշատակ հայ ժողովրդի կրած ցեղասպանության» հանրապետական օրենքին, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր»:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքային խորհրդի նիստին ներկա գտնվեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգեւոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաեւ արգենտինահայ կառույցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քվեարկության ավարտից հետո ելույթներ ունեցան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը եւ Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը: Վերջիններս, մեծապես կարեւորելով Սան Իսիդրո քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձեւը Հայաստանի եւ հայ ժողովրդի անունից իրենց երախտագիտությունը հայտնեցին ճշմարտության եւ արդարության օգտին ընդունված փաստաթղթի առնչությամբ:




























