Օգոստոսի 1-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Սան Իսիդրոյի քաղաքապետ դոկտոր Գուստավո Պոսսեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, արգենտինահայ համայնքի տարբեր կառույցների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ Սան Իսիդրոյի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններին, համագործակցության հնարավոր բնագավառներին առնչվող հարցեր։ Նշվեց, որ փոխադարձ այցելությունները լուրջ խթան կարող են հանդիսանալ հետագա համագործակցությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու համար։ Մասնավորապես, այդ առնչությամբ Վահագն Մելիքյանը կարեւորեց քույր քաղաքների զարգացման գաղափարը, ինչը դրականորեն ընդունվեց Գուստավո Պոսսեի կողմից։ Երկուստեք ընդգծվեց, որ գոյություն ունի չօգտագործված հսկայական ներուժ, իսկ Արգենտինայում մեծ հարգանք վայելող եւ ազդեցություն ունեցող հայ համայնքը կարող է իր գործուն աջակցությունն ու օժանդակությունը ցուցաբերել բազմաթիվ նախաձեռնություններում։ Դեսպան Մելիքյանը հրավիրեց Սան Իսիդրոյի քաղաքապետին այցելել Հայաստան՝ ավելի մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ տեղում քննարկելու համագործակցության հետագա ուղղությունները։ Հրավերը սիրով ընդունվեց քաղաքապետի կողմից։



























