Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ եւ փակուղուց հանել երկու երկրների հարաբերությունները: Վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բրիտանացի միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում, սակայն փոխզիջման հասնել դեռ չի հաջողվում: Այդ մասին հաղորդել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Նրա խոսքով` ներկայումս բրիտանացի դիվանագետներն ամերիկացի եւ գերմանացի գործընկերների հետ ջանքեր են գործադրում Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու կամ գոնե հետագա վատթարացումը կանխելու համար` «Հաարեցին» վկայակոչելով գրում է  «Կուրսորը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հուլիսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի գործընկերոջ հետ, որի ընթացքում շոշոփվել է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Քեմերոնը Նեթանյահուին հայտնել է, Թուրքիայի վարչապետի հետ ծրագրված հանդիպման մասին, որը պետք է ներկա գտնվեր Լոնդոնի օլիմպիադայի բացման արարողությանը: Նա իսրայելցի գործընկերոջն առաջարկել էր ուղերձ փոխանցել Էրդողանին: Նեթանյահուն էլ ներկայացրել է փակուղային իրավիճակից դուրս գալու իր սխեման:

Քեմերոնի եւ Էրդողանի հանդիպումը կայացել է հուլիսի 27-ին, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով` բրիտանացի դիվանագետների նախաձեռնությունը իրավիճակի բեկման չի հանգեցրել: