2012թ հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ծնվել է 19 հազար 183 մարդ, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը 19 հազար 995 էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից: Ծնելիության ցուցանիշի նվազման հետ մեկտեղ աճում է մահացության ցուցանիշը: Օրինակ` 2012թ հունվար-հունիսին մահացել է 14 հազար 877 մարդ, իսկ նախորդ տարի` 14 հազար 676:
Մահացության հիմնական պատճառները տարիների ընթացքում գրեթե փոփոխությունների չեն ենթարկվում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս առաջին հորիզոնականում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որի դեպքում նախորդ տարվա համեմատ փոքր աճ է արձանագրվել: Օրինակ` այս տարի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 7 հազար 351 մարդ, իսկ նախորդ տարի` 7 հազար 163:
Երկրորդ հորիզոնականում նորագոյացություններից մահվան դեպքերն են: Այս տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 2 հազար 850 մահ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2 հազար 715: Նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է այլ հիվանդություններից մահվան դեպքերը: Իսկ դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից այս տարի մահացել է 640 մարդ` նախորդ տարվա 627-ի փոխարեն: Այս տարի նվազել են նաեւ մարսողական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերը (նախորդ տարի 981 էին, իսկ այս տարի` 951), չնչին տարբերությամբ աճել է շնչառական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերը:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների` ամենաքիչ մահվան դեպքերը արձանագրվում են վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններից` դրանց թիվը չի գերազանցում 150-ը:



























