2012թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնության դեպքերը` 2011թ. հունվար-հունիսի համեմատ, նվազել են 1.6%-ով, իսկ ամուսնալուծության դեպքերն  աճել են` 0.4%-ով: Այս մասին NEWS.am-ի թղթակիցն հայտնեցին Ազգային վիճվարչության բնակչության մարդահամարի եւ ժողովրդագրության բանի պետ Կարինե Կույումջյանը:

2012թ.  հունվար-հունիսին հանրապետությունում գրանցված 1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 173  դեպք` 2011թ.  հունվար-հունիսին արձանագրված 168-ի համեմատ: Իսկ բացարձակ թվերով պատկերն այսպիսին է: Այս տարի հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնության 9217 դեպք, իսկ 2011թ  հունվար-հունիսին` 9364 դեպք: Այս տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվել է ամուսնալուծության 779 դեպք` նախորդ տարվա 776-ի փոխարեն:

Կարինե Կոյումջյանը տեղեկացրեց նաեւ, որ տարեցտարի աճում է նաեւ ամուսնության միջին տւարիքը: Օրինակ`  2010թ ամուսնության միջին տարիքը տղամարդկանց դեպքում կազմել է 29,3, կանանց դեպքում` 25,2: Իսկ առաջին ամուսնության տարիքը տղամարդկաց մոտ 28,4 է, իսկ կանանց մոտ` 24,6: Թեեւ 2011թ տվյալները դեռ չեն ամփոփվել, բայց մեկ բան պարզ է` ամուսնական միջին տարիքը շարունակում է աճել:

Կարինե Կոյումջյանի կարծիքով` ամուսնական միջին տարիքի բարձրացումը կարող է պայմանավորված լինել երիտասարդների` ուսում ստանալու, կարիերա անելու, հնարավորություններ ստեղծելու ցանկությամբ, որովհետեւ տղամարդիկ ցանկանում են ֆինանսական  կայունություն ունենալ, բնակարանի, ավտոմեքենայի, մշտական աշխատանքի հարց լուծել եւ այլն, իսկ այդ ամենը կապված է տարիների հետ: «Մարդիկ իրենց ամուսնությունները հետաձգում են, ինչը եւս կարող է ամուսնալուծությունների պատճառ լինել»,- ասաց Կարինե Կոյումջյանը:

Ամուսնական տարիքի բարձրացումը ուղղակիորեն կապված է  ամուսնալուծությունների թվի աճի եւ ամուսնությունների նվազման հետ: Իսկ այդ ամենի հիմքում բնականաբար սոցիալ-տնտեսական պայմաններն են, երիտասարդները խուսափում են շուտ ընտանիք կազմել, որովհետեւ հետո այդ ընտանիքի կարիքները հոգալ է պետք: Կարինե Կոյումջյանը նշեց, որ ամուսնությունների եւ ամուսնալուծությունների ամբողջական պատկերը պարզ կլինի, երբ արդեն ամփոփվեն տվյալները` տարեկան կտրվածքով: