Անկարայի նախաձեռնությամբ Եվրամիության նախագահությունը Կիպրոսին անցնելու պատճառով Թուրքիա-ԵՄ հարաբերությունների սառեցումը փորձ էր Եվրոպայի վրա ճնշում գործադրելու, որը ձախողվեց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, հայտնի քաղաքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Ըստ նրա` այդ քայլն ամենայն հավանականությամբ վարչապետ Էրդողանի զգացմունքային որոշումն էր` ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար:
Նրա խոսքով` ազատ Կիպրոսի գոյությունն այսօր անհանգստացնում է թուրքական պետությանը. «Անկարան փորձել է Եվրամիությանը ստիպել, որպեսզի վերջինս ճանաչի Թուրքիայի իրավունքները այսպես կոչված «Կիպրոսի թուրքական հանրապետության» վրա: Սակայն Թուրքիայի այս նկրտումներն ի սկզբանե հավանության չարժանացան Եվրամիության եւ միջազգային հանրության կողմից»:
Փորձագետը նշել է, որ Թուրքիան այսօր փաստացի միակ պետությունն է, որը դեմ է ԵՄ-ում Կիպրոսի նախագահությանը: «Այդ քայլն արդյունքում վնասեց հենց Թուրքիային: Դեմարշը Անկարայի համար Եվրամիություն տանող ճանապարհի հերթական խոչընդոտը դարձավ», -նշեց Նադեին-Ռաեւսկին:
Բացի այդ, Անկարան հիանալի հասկանում է, որ իր ԵՄ մտնելուն դեմ են Ֆրանսիան եւ Գերմանիան:
«Եվրամիությունում վախենում են Թուրքիայից` իբրեւ խոշոր պետություն: Այնտեղ դժվարությամբ են կարողանում օգնել շատ ավելի փոքր Հունաստանին: Թուրքիայի պարագայում շատ ավելի դժվար կլինի: Դրա տնտեսության որոշ ոլորտներ զարգացնելու համար հսկայական ներդրումներ կպահանջվեն: Բացի այդ, կան մի շարք հարցեր` մարդու իրավունքներ, քրդական հարց եւ այլն, որոնք Եվրամիությանը բնավ պետք չեն», - ասաց փորձագետը:
Նա նաեւ հավելեց, որ Թուրքիայի համար էլ ամեն ինչ հարթ չէ: Եվրոպայի ճգնաժամի ֆոնին թուրքական տնտեսությունն ավելի ամուր է թվում, իսկ թուրք հանրության շրջանում Եվրոպայի նկատմամբ թերահավատությունն աճում ու աճում է: «Ճգնաժամի պայմաններում Եվրամիությունը նվազ հրապուրիչ է թվում, եւ թուրք`երի մեծամասնությունն արդեն դեմ է ԵՄ մտնելուն», -ասաց զրուցակիցը:
Ամփոփելով, Վիկտոր Նադեին-Ռաեւսկին ասաց, որ ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության գործընթացն այսօր սառեցված է անորոշ ժամկետով, եւ Անկարան, հասկանալով դա, մի փոքր այլ ուղղություն է վերցրել` ԵՄ-ի արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ ստանալու:
«Եվրոոպական շուկան շատ կարեւոր է Թուրքիայի համար եւ հակառակը: Այդ պատճառով նման տարբերակն ավելի հավանական է: Անդամակցությունը` ոչ», - եզրափակեց փորձագետը:




























