Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հայկական ուղղությունը սառեցված է եւ այն նորից վերադարձնել հարթակ ոչ ոք չի պատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Փորձագետը հիշեցրել է, որ Անկարայի վարած քաղաքականությունը` «Զրո խնդիր հարեւանների հետ» արդյունքում վերածվել է «Զրո հարեւան` զրո  խնդիր» հումորային ձեւակերպման, եւ դա Անկարայի արտաքին քաղաքականության սխալ հաշվարկի արդյունքն է: «Այս ուղղությամբ  Թուրքիայի գործելաոճը տեսանելի ապագայում իրավիճակային բնույթ կկրի, քանի որ նախկինում կիրառած ռազմավարական մոտեցումների հաշվարկներում մի շարք  թերություններ էին արձանագրվել»,- կարծում է փորձագետը:

Նադեին-Ռաեւսկու խոսքերով, այստեղ շատ բան կախված է արտաքին ցուցիչներից. իրանական սցենարի զարգացումները, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ամերիկյան քաղաքականությունը, Իսրայելի քաղաքականությունը, Սիրիական ճգնաժամը եւ այլն,« չէ ՞ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան, զիջելով Ադրբեջանի ճնշմանը, մեկ քայլ ետ կատարեց եւ չեզոքություն ցուցաբերեց: Մինչդեռ Բաքուն ձեռք բերեց բավականին լուրջ շահույթ»:

Հարցին, թե արդյոք իսրայելական խորհրդարանում  Հայոց ցեղասպանության հարցի քննարկման վերսկսումը կարող է ստիպել Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում զիջումներ անել, զրուցակիցը պատասխանել է, որ նման քայլը ճշգրիտ հաշվարկների նուրբ քաղաքականություն է ենթադրում, որից Անկարան այօրվա դրությամբ շատ հեռու է.«Թուրքիայի որոշումներն այսօր խիստ իմպուլսային են, իրավիճակային եւ շատ պարզունակ»: Նա արձագանքում է միայն արտաքին ազդակներին, աչ ավելին: Չեմ կարծում, թե Թուրքիայի գործողություններն այս առումով արժե դիտել այդքան բարդ անկյունից, ամփոփել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել էր`  նախապայմաններ առաջադրած Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:

Միեւնույն ժամանակ իսրայելական խորհրդարանում ակտիվորեն քննարկվում է Հայոց ցեղասպանության դատապարտման  եւ ճանաչման հարցը: