Կահիրեում Մուհամեդ ազ-Զավահիրին նորից ազատ մարդ է: Նա բանտից ազատվել է մարտին` ավելի քան 10 տարի Եգիպտոսի կառավարության դեմ դավադրության համար բանտարկությունից հետո:
Մուհամեդը «Ալ Կաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիի կրտսեր եղբայրն է: Նա թերահավատորեն է վերաբերվում միջազգային լրատվամիջոցներին, սակայն որոշել է իր առաջին հարցազրույցը տալ CNN-ին:
«Ինձ եւ իմ եղբորն ահաբեկիչներ անվանելուց առաջ եկեք դրա իմաստը որոշենք: Եթե դա նշանակում է արյունարբու մարդասպաններ, ապա դա մեր մասին չէ: Մենք պարզապես փորձում ենք վերականգնել մեր որոշ իրավունքները»,– հայտարարել է ազ-Զավահիրին:
Մուհամեդը չի հավատում, որ Ալ Կաիդան կորցրել է ուժը: «Եթե կարդում եք ամերիկյան գրականություն, գիտեք, որ նրանք հասկացել են, որ Ալ Կաիդայի ուժն առաջնորդները չեն, այլ գաղափարախոսությունը: Նրանք, ովքեր տանջալի մահ են ունեցել, հաղթել են երկրի եւ Ալլահի կյանքում: Նրանք, ովքեր սպանվեցին ԱՄՆ-ի կողմից, մեզ լույս ցույց տվեցին եւ ապացուցեցին, որ իրենց նվիրել են գործին եւ տարածեցին գաղափարախոսությունը»,– ասել է ազ-Զավահիրին:
Կահիրեի համալսարանի ինժեներական քոլեջի 1974 թվականի շրջանավարտ Մուհամեդ ազ-Զավահիրին լքել էր Եգիպտոսը Սաուդյան Արաբիայում աշխատելու համար: 1981 թվականին իր եղբոր հետ նա այն տասնյակի շարքում էր, ում մեղադրանք էր առաջադրվել նախագահ Անվար Սադաթի սպանության նպատակով դավադրության գործում: Ըստ «Human Rights Watch»-ի` եղբայրները որոշ ժամանակ միասին Սուդանում են եղել 1990-ականների սկզբին: Մուհամեդն ասել է, որ նա վերջին անգամ իր ավագ եղբորը տեսել է 1996 թվականին` Ադրբեջանում:



























