Երեւանի Գերազանցության տեխնոլոգիական կենտրոնում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի այցելության ժամանակ, փորձարկվել է «Դուկատ» վճարային համակարգը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մամլո ծառայությունից:
Նշենք, որ Գերազանցության տեխնոլոգիական կենտրոնը համարվում է Հայաստանի եւ տարածաշրջանի խոշորագույն ՏՏ կազմակերպություններից մեկը: Կենտրոնի կազմի մեջ մտնող կազմակերպություններից ամենախոշորը` «Բումերանգ Սովթուեր» ընկերությունը, հիմնադրվել է ամերիկահայ գործարարների նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ` 1992թ.: Ունենալով շոշափելի հաջողություններ միջազգային շուկաներում՝ կազմակերպությունը վեր է ածվել Գերազանցության Տեխնոլոգիական Կենտրոնի, որի կազմի մեջ են մտնում այսօր նաեւ «Էներջայզ Գլոբալ Սերվիսիսը» եւ «Գալլարի Սիսթեմսը»:
Կենտրոնի թվով 100 բարձրակարգ ծրագրավորողները նախագծում եւ մշակում են նոր ծրագրեր, մատակարարում են ՏՏ ծառայություններ աշխարհով մեկ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի այցի ընթացքում ներկայացվեցին ընկերությունների խմբի կողմից մշակված մի քանի նորարարական համակարգեր, որոնցից են «Gallery Systems» ընկերության Doocat մոբայլ կոմերս պլատֆորմը, եւ «Boomerang Software» ընկերության MobiToWeb համակարգը:
Նախարարին ընձեռնվեց հնարավորություն անձամբ ստուգելու եւ փորձարկելու այս լուծումների աշխատանքն ու հնարավորությունները: Օգտագործելով Doocat համակարգը` էկոնոմիկայի նախարարին հաջողվեց առաջին իսկ փորձից բջջային հեռախոսի մի քանի հպումով ձեռք բերել վիրտուալ I-phone հեռախոս:


























