Ֆրանսիայի հայ համայնքը նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կհանդիպի առաջին իսկ հնարավորության դեպքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համակարգող Ալեքսիս Գովջյանը: Նրա խոսքով` հանդիպման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն արդեն կա:
Հարցին, թե ինչ փուլում է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի մասին խոստման իրականացումը, Գովջյանն ասաց, որ Ֆրանսիայի իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ: «Օլանդը խոստացել է նոր օրինագիծ ներկայացնել, եւ այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում: Մենք նոր օրինագծի ի հայտ գալուն սպասում ենք ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»,-նշեց զուցակիցը:
Ինչ վերաբերում է նախագահ Օլանդի եւ արտգործնախարար Ֆաբիուսի հայտարարություննրի միջեւ եղած հակասություններին, երբ առաջինը հաստատում է իր խոստումը, իսկ երկրորդը խոսում Փարիզ-Անկարա հարաբերությունների վերականգնումից, Գովջյանն ասաց, որ հակասություններ չկան, իսկ այդ հարցերը գտնվում են տարբեր հարթությունների վրա. «Ֆաբիուսը խոսում է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման մասին, վերադարձնելու այն, ինչ կար նախկին նախագահ Սարկոզիի կառավարման տարիներին: Ֆրանսիան ձգտում է այլ պետությունների հետ հարաբերությունների նորմալացմանը, եւ դա ճիշտ է: Այլ խնդիր է, որ Օլանդը խոստացել է օրինագիծ ներկայացնել, որը վերաբերում է այլ կատեգորիայի եւ նախատեսում է ներքին օրենքի ընդունում: Այդ խոստումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել»,-ասաց Գովջյանը:




























