Չնայած Երեւան-Հալեպ-Երեւան  չվերթի անեկամտաբերությանը, Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը,  հավատարիմ մնալով իր խոսքին, այսօր` օգոստոսի 2-ին ժամը 14:01-ին իրականացրել է  Երեւան- Հալեպ- Երեւան  լրացուցիչ առաջին չվերթը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմավիայի» լրատվական ծառայությունից:

««Արմավիա»  ընկերությունը Երեւանից Հալեպ չվերթը իրականացրեց առանց ուղեւորների՝ պահանջարկի բացակայության պատճառով: Հալեպից  Երեւան  ինքնաթիռը, ըստ նախատեսվածի, «Զվարթնոց» օդանավակայան կժամանի օգոստոսի 2-ին ժամը 18:25-ին»,- հայտնեցին նրանք:

«Արմավիայի» փոխանցմամբ` Հալեպից Երեւան ուղեւորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ: Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը իրականացվում է 50  տեղանոց  SAG-200 օդանավով :

Հիշեցնենք որ առաջին  լրացուցիչ չվերթը նախատեսված էր օգոստոսի 1-ին, Բոինգ 108 տեղանոց օդանավով: Սակայն  ուղեվորների բացակայության պատճառով այն չկայացավ: Նշվածից ելնելով 108 տեղանոց Բոինգ օդանավը օգոստոսի 2-ին փոխարինվեց  SAG-200 օդանավով: