Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը հայտարարել է երկրի նոր կառավարության վերջնական կազմը:  Քանդիլի ձեւավորած կառավարությունը Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնն ստանձնելուց հետո առաջինն է: Ավելի վաղ Քանդիլը հայտարարել էր, որ Եգիպտոսի կառավարությունը կազմված կլինի մասնագետներից` անկախ նրանց քաղաքական  նախընտրություններից կամ կուսակցական պատկանելությունից: 

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունը պետք է  երդում տա օգոստոսի 2-ին:

Կահիրեի մամուլի ասուլիսում, որն ուղիղ եթերով հեռարձակում է եգիպտական հեռուստատեսությունը, Քանդիլը հայտարարել է, որ կառավարության անդամների մեծ մասն առաջին անգամ են այդ պաշտոններն զբաղեցնում, հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ ձեւավորվել են 4 նոր նախարարություններ` երիտասարդության եւ սպորտի նախարարություններ, որոնք պետական կարգավիճակ կունենան, ինչպես նաեւ  ներդրումների եւ ջրային խնդիրների նախարարություններ:

Նոր եգիպտական կառավարությունը կազմող 35 գերատեսչություններից 8-ն ունեն պետական կարգավիճակ: Պետական են համարվում Հնության, բնապահպանության, տարածաշրջանային զարգացման, գիտական հետազոտությունների, քաղաքացիական ավիացիայի եւ  ռազմական արդյունաբերության նախարարությունները: