Հայաստանում 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 77.0 հազար, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 14.8 %-ով (88.3 հազ. մարդ): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Զբաղվածության պետական ծառայությունից»:

Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 84.5 %-ը. «Այս ցուցանիշը տարեսկզբի նկատմամբ նվազել է  6.6 %-ով: Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  71.0%-ը, կամ 46.2 հազ. մարդ: ԶՊԾ հաշվառված են 1259 հաշմանդամ, որից 741-ը` կանայք»,-   հայտնեցին նրանք:

Տարեսկզբի համեմատ`  2012թ.հուլիսի 1-ի դրությամբ 12.4 %-ով (14 հազար 448 մարդ) նվազել է գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցողների թիվը: Այժմ գործազրկության նպաստ ստանում է 12 հազար 654 գործազուրկ:«Հունիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել շուրջ 2404 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է` 32.5-ով (1814 աշխատատեղ): Ներկայացված թափուր աշխատատեղերի 70% բանվորական են»,- հայտնեցին ԶՊԾ-ից:

Ըստ որում`աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են` բժիշկներ մարզերում, հաշվապահներ, գանձապահներ, դասավանդողներ, դաստիարակներ, մենեջերներ, գործակալներ, առաքիչներ, համակարգչային օպերատորներ, համակարգչային դիզայներներ, համակարգչային վերանորոգողներ, վաճառողներ, խոհարարներ, մատուցողներ, հացթուխներ, փականագործներ, կարողներ, ավտովերանորոգողներ,  վարորդներ, վարսահարդարներ, էլեկտրիկներ, եռակցողներ, որմնադիրներ, կարող-գործողներ,վարորդներ, վերելակավարներ  եւ այլ  բանվորական մասնագիտություններ:

Նշենք, որ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել շուրջ 5 հազար 573 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 3 հազար 161-ը կանայք են, 1461-ը` երիտասարդներ են եւ 110-ը` հաշմանդամներ: Աշխատանքի տեղավորվել են հիմնականում մշակող արդյունաբերության` 20.4% , շինարարության` 10%, առեւտրի եւ սպասարկման`  22.0% , տրանսպորտի եւ կապի`   5.8 %,  հանքարդյունաբերության`  3.8%  եւ այլ ոլորտներում: