Հայաստանն ավելի մոտ է հիպոթետիկ Եվրասիական Միությունում ընդգրկվելուն, քան` Եվրոպական: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական կենտրոնի երկրաբանական վերլուծության ղեկավար Մատեուշ Պիսկորսկին:
«Այսօր քչերն են մտածում ԵՄ-ի ընդլայնման մասին, այն ունի բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնք անմիջական լուծում են պահանջում: Հարավային Կովկասի երկրների դեպքում մտածելն անգամ վաղ է», - նշել է Պիսկորսկին:
Փորձագետը նշել է, որ Հայաստանն այժմ ավելի մոտ է Ռուսաստանի կողմից ստեղծվող Եվրասիական Միությունում ընդգրկվելուն: «Հարավային Կովկասում Ռուսաստանն ավելի մեծ ներուժ ունեցող խաղացող է, քան ԵՄ-ն: Նա նաեւ Հայաստանի պատմական գործընկերն է: Նրանք մոտ են մշակութապես, ունեն տնտեսական կապեր: Հայաստանը Ռուսաստանից կախված է էներգետիկական առումով: Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխիքն է, պահպանում է սահմանը Թուրքիայի հետ եւ ռազմակայան ունի Հայաստանի տարածքում: Այս բոլոր գործոններն ինքնաբերաբար Հայաստանին ուղղում են դեպի ռուսական նախագիծ», - նշել է Պիսկորսկին:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, քաղաքագետը կարծում է, որ հավանաբար կստորագրվի համաձայնագիր եւ ոչ ավելին: «Խոսքը վիզաների կարգի հեշտացման գործընթացի, առավել ազատ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին է, սակայն ոչ ԵՄ-ի անդամակցության», - նկատել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Հայաստան-ԵվրԱզԷս համագործակցության հեռանկարները:
Մատեուշ Պիսկորսկի. Հայաստանն ավելի մոտ է Եվրասիական Միությունում ընդգրկվելուն, ք
Հասանելի է
русский



























