Իսպանիայում ձերբակալված միջազգային 3 ենթադրյալ ահաբեկիչները նախատեսել էին ահաբեկչություն գործել Իսպանիայում կամ եվրոպական այլ երկրում: Այդ մասին Մադրիդում մամուլի ասուլիսում հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը:

Նա չի ճշտել երկու ձերբակալվածների քաղաքացիությունը, հայտարարելով միայն, որ «նախկին ԽՍՀՄ հանրապետություններից են», երրորդը Թուրքիայի քաղաքացի է:

Իսպանիայի հարավում գտնվող Քադիս քաղաքում վարձած բնակարանում նրանք պայթուցիկ են պահել: Նրանց մի ամիս շարունակ հետեւել են, հայտնում է «Ազատություն» ռադիոն: 

Ձերբակալվածները մարտական պատրաստականություն են անցել Պակիստանում եւ ռազմական փորձ ձեռք բերել Աֆղանստանում: Ըստ նախարարի` նրանցից մեկը հիանալի տիրապետում է պայթուցիկ նյութերի գործին, դիպուկահար է: Ձերբակալության ժամանակ նա դիմադրել է: