Իրաքի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատված այցին։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳՆ կայքում հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ Դավութօղլուի այցը Հյուսիսային Իրաք եւ այնտեղ հանդիպումներն իրականացվել են առանց Իրաքի ԱԳՆ-ին տեղյակ պահելու եւ հավանություն ստանալու։

Հայտարարության մեջ նշվել է, որ նմանատիպ այցը արհամարանք է պետության ինքնիշխանությանը, խախտում է միջազգային հարաբերությունների օրենքները եւ չի համապատասխանում պետությունների միջեւ պաշտոնական շփումների կանոններին։

Իրաքի վարչապետ Նուրի էլ-Մալիքի կուսակիցներից էլ-Հասանը հայտարարել է, թե անընդունելի է Դավութօղլուի պահվածքը եւ նման պարագայում իրենք իրավունք ունեն ձերբակալելու նրան։ 

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել էր Հյուսիսային Իրաք՝ հանդիպելով քրդական ինքնավար հատվածի առաջնորդ Մեսուդ Բարզանիի հետ՝ խնդրելով չնպաստել Սիրիայում քրդական նոր միավորի ստեղծմանը։ Ավելի ուշ Դավութօղլուն այցելել էր նաեւ նավթի քաղաք Քերքուք, որն էլ խիստ անհանգստացրել է իրաքյան իշխանություններին։