«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, գործարար Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, չի ճանաչի Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, եթե պարտվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասի ինստիտուտի նախագահ Գիա Նոդիան:
«Հարցումների արդյունքները խիստ տարբերվում են, սակայն ամենուր առաջատարն է Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունը, որին աջակցում են ընտրողների 34-43%-ը: «Վրացական երազանքի» արդյունքները 18-24% են», նշել է Նոդիան:
«Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում հարցումների արդյունքները: Նա մեղադրել է այն անցկացնող կազմակերպություններին, որ կատարում են Վրաստանի իշխանությունների պատվերը», - ասել է Նոդիան:
Ինչ վերաբերում է Իվանիշվիլիի` ընտրությունների արդյունքները չճանաչելուն, Նոդիան դժվարացել է համապատասխան գնահատական տալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունները նշանակել էր այս տարվա հոկտեմբերի 1-ին:




























