Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը քննադատում է Փարիզում ադրբեջանական մշակութային կենտրոն բացելու թույլատրության մասին Ֆրանսիայի կառավարության ձեռնարկած օրենքի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Nouvelles d'Arménie», համակարգող խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ժան Մարկ Էրոն եւ Լորան Ֆաբիուսը հուլիսի 25-ին Նախարարների խորհուրդ են ներկայացրել, որով ադրբեջանական բռնապետությանը թույլատրվում է Փարիզում մշակույթի կենտրոն բացել։ Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը զարմացած է, որ այս երեք տարով հետաձգված նախագծին նորանշանակ կառավարությունը նման կարեւորություն է տալիս, եւ այն ներառում օրակարգ։ Ֆրանսիայում այլ գերակա խնդիրներ չկա՞ն։
Համակարգող խորհուրդը հիեցնում է, որ Ալիեւների «երկաթյա բռունցքով» ղեկավարվող Ադրբեջանը մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների կողմից ամենաշատ քննադատության արժանացող երկրներից է, քանի որ այն վարում է խոսքի ազատությունը ոտնահարող, ռասիստական եւ հակաժողովրդավարական քաղաքականություն։ Լեռնային Ղարաբաղում հակահայկական պատերազմից հետո, Բաքուն բազմապատկում է սպառնալիքները ոչ միայն այդ հանրապետության, այլեւ ամբողջ աշխարհի հայության նկատմամբ։ Ադրբեջանի նախագահ Ալիեւը չի ապրիլի 16-ի իր սկանդալային ելույթում ամբողջ աշխարհի հայերին անվանել է իր երկրի թշնամիներ։
Հաշվի առնելով հատկապես ծանր բովանդակությունը, որը բազմաթիվ միջազգային զգուշացումների առիթի տեղիք տվեց Բաքվի հասցեին, իսկ վերջինը կատարվեց ՄԱԿ-ում, որով քննադատվել է Բաքվի սանձարձակ սպառազինության քաղաքականությունը, մշակութային (թե քարոզչակա՞ն) կենտրոն բացելու նախագծի վերակենդանացման Ֆրանսիայի շտապողականությունը եւ խորհրդարան ներկայացվող առաջին օրինագծերի մեջ դրա առկայությունը կարող է միայն ապշանք, եթե ոչ բողոք հարուցել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը մշակույթի գծով առանձնացել է արդեն՝ ջախջախելով 3 հազար խաչքարեր, Ջուլֆայի միջնադարյան գերեզմանատանը։ Բազմադարյա ժառանգությունը կանխամտածված կերպով ոչնչացվել է 2005թ.-ին զինվորականների կողմից եւ հավերժ կորսվել»։



























