Սիրիական Հալեպ քաղաքում եւ նրա շրջակայքում շարունակվում են մարտերը Բաշար Ասադի զորքերի եւ Սիրիական ազատ բանակի ապստամբ գրոհայինների միջեւ:

Ինչպես հայտնում է կառավարական «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը, ահաբեկիչները «շոշափելի կորուստներ են կրում»: Հալեպի հարավային մասում կառավարական զորքերը ոչնչացրել են 37 գրոհայինների, այդ թվում լիբիական 6 վարձկանների:

Ընդդիմադիր «Օրիեն TV» հեռուստակայանը հաղորդում է ՍԱԲ-ի գրոհայինների`  Հալեպից 30 կմ հյուսիս-արումուտք գտնվող Մանագայի ռազմաօդային կայանը զավթելու փորձերի մասին: Նրանք դեռեւս չեն կարողացել շրջափակել օդանավակայանը, սակայն շարքից հանել են մեկ ուղղաթիռ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրի մայրաքաղաք Դամասկոսում օգոստոսի 2-ին շարունակվել են ուժեղ փոխհրաձգությունները քաղաքի հարավային Թադամուն թաղամասում եւ նրա մերձակայքում գտնվող Յարմուկեում` պաղեստինյան փախստականների ճամբարում, որտեղ 12 խաղաղ բնակիչ է զոհվել: Հաջողությամբ է ավարտվել Արթուզից եւ Բասաթին Դարայից գրոհայինների դուրս մղման գործողությունը: Ըստ պետական տեղեկատվական  «ՍԱՆԱ» գործակալության` իշխանություններին են հանձնվել զինված հանցախմբերի տասնյակ անդամներ, մյուսները գերի են վերցվել: