Արմենիան Քափր Փրոգրամ ՓԲԸ («Վալլեքս» խմբի մաս) զուտ շահույթը 2011 թ. կազմել է 3 մլրդ 676 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով` մոտ 9 մլն դոլար): Ինչպես նշվում է ընկերության 2011 թ. հաշվետվությունում, 2010 թ. համեմատ շահույթը նվազել է 4.6%-ով:
2011 թ. ընկերության հասույթը կազմել է 42 մլրդ 668 մլն դրամ, որից 42 534 մլն-ը (+15.1% 2010 թ. համեմատ, ընթացիկ փոխարժեքով` մոտ 104.4 մլն դոլար) կազմել է անզուտ պղնձի վաճառքը:
Հիշեցնենք, А կարգի անզուտ պղնձում, որն արտադրում է ընկերությունը, ոսկու պարունակությունը կազմում է մինչեւ 150 գր/տոննա, արծաթինը` մինչեւ 300 գր/տ (պղնձինը` առնվազն 98.5%): Անզուտ պղնձում ոսկու պարունակությունը կազմում է հասույթի շուրջ 25-35%-ը:
Խտանյութի գնման ծախսերը կազմել են 32.8 մլրդ դրամ, ինչը 12.5%-ով գերազանցում է 2010 թ. մակարդակը: Հիշեցնենք, Ալավերդու պղնձաձուլարանում մշակվող խտանյութի 55%-ը մատակարարվում է Լեռնային Ղարաբաղում գտնվող Դրմբոնի հանքավայրից (շահագործվում է «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթլս» ՓԲԸ-ի կողմից), 45%-ը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից:
Ընկերության բնապահպանական վճարները կազմել են 349 մլն դրամ, հարկերը` բացառությամբ շահութահարկի, 93.5 մլն դրամ: Շահութահարկի գումարը կազմել է 1.1 մլրդ դրամ` համեմատած 2010 թ.-ին 932.5 մլն դրամի հետ: Նվազեցումներից հետ այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 842.2 եւ 802 մլն:
Նշենք, 2011 թ. «Վալլեքս» խմբի մեկ այլ ընկերություն` «Թեղուտ» ՓԲԸ-ն, վարկային գծի համաձայնագիր ստորագրեց «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հետ` 283.3 մլն դոլարի ծավալով` Թեղուտի պղինձ-մոլիբդենի հանքավայրի զարգացման համար (պաշարներով երկրորդն է Հայաստանում): Սովետական գնահատականով, դրանք կազմում են 1 մլն 630 հազ. տ պղինձ եւ 99 հազ. տ մոլիբդեն:
Ինչպես հայտնել են NEWS.am-ի թղթակցին «Վալլեքս» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունում, հանքավայրի գործարկման եւ հանքահարստացուցիչ կոմբինատի կառուցման մեջ արդեն ներդրվել է շուրջ 155 մլն դոլար:
Մսնավորապես, «Թեղուտ» ՓԲԸ-ն ավելացրել է հիմնական միջոցների եւ հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերումը: Եթե 2010 թ. ընկերության հիմնական միջոցերի մեջ ներդրումները կազմել են 6.6 մրդ դրամ, ապա 2011 թ.` 14.8 մլրդ:
Դրանից բացի, 2012 թ. «Թեղուտ» ՓԲԸ-ն ապահովագրել է իր հիմնական միջոցները շուրջ 283 մլն դոլարի չափով , «Արմենիան Քափր Փրոգրամ» (ACP) ընկերությունը` 7.6 մլրդ դրամի չափով:
Ընկերության ընդհանուր ակտիվները 2011 թ. վերջի դրությամբ կազմել են շուրջ 60.7 մլրդ դրամ: Ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանին:
Խմբի հիմնական արտադրական ակտիվները Հայաստանում եւ Արցախում հանդիսանում են Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը եւ հանքահարստացուցիչ կոմբինատը` ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում, Ալավերդու պղնձաձուլական կոմբիինատը, Թեղուտի պղինձ-մոլիբդենի հանքավայրը եւ կառուցվող համալիրը` Լոռու մարզում: Ալավերդու պղնձի հանքավայրը` կառուցված խորհրդային ժամանակաշրջանում, այժմ չի շահագործվում:




























