Դեռեւս երկու ամիս առաջ՝ հունիսին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը հաստատել է 2013 թվականի արտաքին օժանդակության մասին բանաձեւը, որտեղ առաջին անգամ հատուկ տողով նշել է նաեւ Սիրիայում ապրող հայերին օգնելու անհրաժեշտությունը։
Ընդունված փաստաթղթում Կոնգրեսի Արտաքին հատկացումների հանձնաժողովը փաստել է, որ Միջին Արեւելքում արձանագրված վերջին իրադարձությունները՝ Արաբական գարունն ու Սիրիայում սկիզբ առած բախումները, էլ ավելի են մեծացրել քրիստոնյաներին նետված մարտահրավերները՝ հակամարտություններով ու անկայունությամբ լի այս տարածաշրջանում։ Դժվարության մեջ գտնվող փոքրամասնությունների շարքում հատուկ նշելով հայերին՝ կոնգրեսական հանձնաժողովը կոչ է անում Միացյալ Նահանգների պետքարտուղարին՝ նրանց մարդասիրական օժանդակություն, ինչպես նաեւ վերաբնակեցման աջակցություն տրամադրել։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, Ներկայացուցիչների տան Արտաքին հատկացումների հանձնաժողովը առաջին անգամն է այս մասին ձեւակերպում ընդգրկում իր տարեկան բանաձեւում։
«Հատուկ գումար չի ճշտում այս բանաձեւը, այլ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը՝ զորավիգ կանգնել հայ գաղութին եւ քրիստոնյա գաղութներին։ Սա առաջին անգամն է, որ այս տեսակի գրություն, այս տեսակի պարբերություն ներփակված է որեւէ մեկ արտաքին օժանդակության բանաձեւի մեջ», - ասել է Չուլջյանը։
Սիրիացի փախստականների վերաբերյալ բաժնում կոնգրեսականները նաեւ կոչ են անում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին աշխատել Սիրիայի հարեւան երկրների հետ, որպեսզի վերջիններս բաց պահեն սահմանները՝ բռնությունից փախչողների առջեւ, եւ հնարավորություն տան, որ նրանք օգտվեն դպրոցներից ու բժշկական հաստատություններից։
Նշենք, որ օրենքի ուժ ստանալու եւ Միացյալ Նահանգների՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծում տեղ գտնելու համար, այս փաստաթուղթը դեռեւս պետք է համաձայնեցվի Սենատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի հետ։



























