Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում օգոստոսի 25-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի առաջին  սկավառակի համերգ-շնորհանդեսը` «Էդուարդ Աբրահամյան, դաշնամուրային 24 պրելյուդիաներ»:

«Հայաստանի գաղտնիքները» նախագիծը նպատակ է հետապնդում մոռացությունից վերհանել հայ հանճարներին», -ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագծի առաջին անունը երգահան Էդուարդ Աբրահամյաննն է, ով կրթությունն ստացել է Թբիլիսիում, փորձ ձեռք բերել Մոսկվայում,  այնուհետ կյանքի մնացած տարիներն անցկացրել է Հայաստանում` նշանակալի ավանդ ներդնելով դաշնամուրային երաժշտության ոլորտում: Ունկնդիրների դատին կներկայացվեն Էդուարդ Աբրահամյանի, ինչպես նաեւ նրա ժամանակակիցներ Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Բաղդասարյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը Ռուսաստանում կկատարվեն առաջին անգամ: Համերգը կուղեկցվի սկավառակի շնորհանդեսով:

Կազմակերպիչներն են Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, Ռուսաստանի հայերի միությունը, Հայ առաքելական եկեղեցին: Առաջին կատարողն է Միքայել Հայրապետյանը, որն ակտիվորեն հայ դասական երաժշտությունը տարածում է ՌԴ-ում եւ նրա սահմաններից դուրս: