ԱՄՆ Պենտագոնի վարչություններից մեկի տնօրեն Ջոն Ջեյմսը խիստ զգուշացում է արել Թուրքիայի Մալաթիա նահանգի Քուրեջիքի հակահրթիռային պաշտպանության համակարգերի թուրք զինվորականներին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան զինվորականը մեկ էջանոց զգուշացնող նամակում գրել է, որ անհրաժեշտ է վերջ դնել պոռնոգրաֆիկ կայքեր այցելելը եւ այդ կայքերի պարունակությունը այլ անձանց ուղարկելը։ Նա զգուշացրել է, որ հրահանգին չենթարկվողները կարգապահական տույժի կենթարկվեն եւ նույնիսկ կհեռացվեն։
Հակահրթիռային պաշտպանության մեկ այլ պատասխանատու Ռիք Լեհները նշել է, թե պոռնո կայքեր այցելող 10 զինվորական է հայտնաբերվել։
Ինֆորմացիոն անվտանգության մասնագետները նշում են, թե ռուսական հատուկ ծառայությունները տեղեկություններ հավաքելու եւ այլ երկրների պաշտպանական համակարգեր ներխուժելու համար պոռնո կայքեր են օգտագործում։ Մասնագետները շեշտում են, որ Պենտագոնին կից վարչությունների կայքերից պոռնո կայքերը մտնելը հղի է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից գաղտնի տեղեկություններ գողանալու վտանգով։



























